Փոշոտ ծառերը
Չորս տարեկան էի: Մեծ եղբայրներս թաղDecember 24, 2019 0:46չէին տանում: Նման կերպով մարդու իրավունքները ոտնահարող արարքը, նրանք հիմնավորում էին մանկական «կոդեքսի» երկոջ դրույթներով. մեկը, որ բոլորից կարճ էի, երկրորդը, տեղ տանելու բան չէի: Երկրորդ պատճառը շատ վիճահարույց էր և ես ամենայն լրջությամբ, ճշտորեն կապկելով մեծերի խոսելավոճը, պահվածքը, համոզում էի, ներկայացնում էի իմ փաստերը, հիմնավորում էի իմ առու գնալու իրավունքները, երբեմն նրանց դիմում էի բավականին բարձր ու երկա՜ր կոչերով ու բացականչություններով, որոնց չգիտես ինչու նրանք միշտ արձագանքում էին երկու բառով. հերիք զռռաս: Ուստի ես դեռ վաղ հասկում հասկանալով, որ դեմոկրատիան ավելի շուտ խորամանկություն է քան թե արդարություն, դիմեցի այլ հնարքի:
Երբ նրանք պատրաստվում էին գնալ առվում լողալու, հավաքվում էին մեր բակում, կազմում էին ռազմավարական պլանը, թե որ ճանապարհով են գնալու և «թշնամի» լողալու գնացողներին հանդիպելու դեպքում ինչ են անելու, իսկ ես, կարծես համաձայն իմ կարգավիճակին, որ տեղ տանելու բան չեմ, հանգիստ կանգնել էի նրանց մոտ ու լսում ու մտապահում էի ամեն մանրու` հատկապես ճանապարհի մասին: Գլխավոր ստրատեգը իմ մեծ եղբայրն էր, Գրիգորը, որ շատ բարի է ու երկնքի չափ սեր ունի իր բարի կրծքում: Նա ոչ մի անգամ ինձ չէր ասում դու չես գալու, կամ չէր սաստում իմ ընդվզումները, ինչպես մնացածները, բայց և ենթարկվում եր ընդունված «օրենքին», թե ով պիտի գնա լողալու ով` ո՛չ, և ես դա շատ լավ հասկանում էի ու միայն Գրիգորից էր, որ ես բողոք չունէի այդ հարցում: Եվ այսպես, լուռ կանգնած լսում եմ տղաների զորաժողովը, թե ո՛ր ճանապարհով են գնալու առու: Գրիգորը որոշեց.
Գյուղից դուրս գալուց հետո, փոշոտ ծառերի մոտից կթեքվենք Ժոժանենց տան կողմը ու ճանապարհը երկու անգամ կարճ կլինի:
Ժոժանը մեր գյուղի համար առաջին վարպետն էր եռակցման գործում: Մի հաղթանդամ տղամարդ էր Ժոժանը, նրան բոլորը ճանաչում էին և նրա լավ արհեստավոր լինելու կապակցությամբ և մոտոցիկլ ունենալու պատճառով: Բայց եթե Ժոժանը առանց մոտոցիկլի, ձմռանը անցած լիներ ձեր դռնով, անմիջապես վստահորեն կասեիք, որ ասյտեղով անցել է Ժոժանը: Բանը նրանում էր, որ այդ հսկան ուներ շատ յուրահատուկ ֆիզիկական կազմվածք, նրա ոտնաթաթերը, որ ամենաքիչը 47 համարի էին, մոտ 160 աստիճանի թեքնած էին աջ ու ձախ. Չապլինը նրա համեմատ բավականին ուղիղ քայլվածք ունի:
Եվ այսպես, ես տիրապետում էի արդեն երկու կարևոր ռազմավարական գաղտնիքի` դեպի առու տանող ճանապարհի մասին: Առաջինը փոշոտ ծառերը, երկրորդը Ժոժանենց տունը: Եթե Ժոժանի մասին ես «ամեն ինչ» գիտեի, մնում էր տունը գտնելը, ապա փոշոտ ծառերի մասին շատ էի լսել բայց չեի տեսել և այն հանդիսանում էր իմ երևակայության հիմնական թեմաներից մեկը. տեսնես էդ ի՞նչ ծառեր են, որ այնքան փոշոտ են, որ նրանց փոշոտ ծառ են ասում: Մեր դռանը վարդի ծառեր կային, մեծ քույրս, Էմիլիան էր տնկել, և ես հաճախ անձրևի ժամանակ նստում էի այդ ծառերի տակ ու անձրևն էի լսում: Ծառերի վրա մեծ խխունջներ կային, հայրս էր բերել: Ես այդ ծառերի վրա երբեք փոշի չէի նկատել, իսկ անձրևից հետո նրանց տերևները փայլում էին: Ինձ համար արդեն ավելի հետաքրքիր էր էդ փոշոտ ծառերը գտնելը, քան թե տղաների «պոչից» կպնել ու գաղտագողի հասնել բաղձալի առուն ու լողա՜լ: Ի զարմանս բոլորի, «ժողովը» վերջանալուն պես ես հանգիս հեռացա տղաների խմբից ու նստեցի մեր դռանը: Նրանք ևս մի բեռից «հեշտությամբ» ազատվելով, անմիջապես ճանապարհ ընկան: Ես բակի ցանկապատի ծայրից ծիկրակում էի նրանց հետևից ու հարմար պահին դուրս եկա թաքստոցից ու սկսեցի հետևել նրանց: Գյուղից դուրս տանող ճանապարհին հեշտությամբ կարելի էր հետևել որևէ մեկին ու մնալ աննկատ, մանավանդ երբ բոյդ ճանապարհին հարակից ցանկապատների մոտ աճող թփերի բոյին է: Գյուղի ծայրամասում, ուր արդեն ցանկապատեր չկան, ստիպված եղա բավականին երկար թաքնվել, ու երբ տղաները հեռացան, թաքստոցից դուրս եկա, ապավինելով հեռավորության վրա աննկատ մնալուն: Գյուղից դուրս գալիս, ճանապարհի կողքին ` գաջաճ ծառերի մի շարքի մոտից տղաները թեքվեցին դեպի աջ: Ահա՛ փոշոտ ծառերը, շշնջացի ինքս ինձ ու արդեն չմտածելով, որ ինձ կարող են նկատել, առաջացա դեպի այդ ծառերը: Ես մոտենում էի այդ ծառերին այնպես, ինչպես Կոլոմբոսն էր մոտենում ամերիկյան ափերին, և նույնպես չգիտեի իմ հայտնաբերության իրական արժեքը: Ավելի՛ն, այդ ծառերը գրեթե մեր դռան վարդի ծառերի բարձրության էին ու շատ նման և ինձ համար չպիտի որևէ հայտնություն դառնային, թեև նրանց վրա վարդեր չեին աճում: Բայց ամեն ինչ բոլորովին այլ էր: Աահա իմ առջև էին այդ խորհրդավոր փոշոտ ծառերը: Փոշո՞տ, այն էլ ինչպիսի՛ փոշոտ: Ծառերը ամբողջությամբ պատված էին որդերով, որոնց հյուսվածքները ծառերի արմատներից մինչև կատարները ամփոփել էին նրանց մի թափանցիկ շապիկի մեջ, որի վրա նստել էր հողե ճանապարհով անցնող մեքենաների բարձրացրած փոշին: Ես անմիջապես զգացի, որ այսպիսի «փոշին» նույնիսկ հորդառատ անձրևը չի կարող մաքրել, այստեղ ինչ որ մի վատ բան կա, բնության օրե՞նք, օ՜, չգիտեմ, չգիտեմ, ես հիմա էլ դեռ վստահ չեմ, որ կարող եմ միանշանակ եզրակացություններ անել բնության օրենքների մասին, իհարկե, եթե խոսքը մարդու մասին չէ. տվյալ դեպքում ամեն ինչ պարզ է ու հասարակ: Ես իհարկե, այն ժամանակ չէի հասկանում, որ այդ թափանցիկ շղարշը, որին ճանապարհի փոշին մետաղյա փայլ էր տալիս, որդերի բունն է, նրանց գոյատևման տարածքը:
Երբ տարիների բարձրունքից հիշում եմ այդ ծառերը, մտածում եմ ներկայիս քաղաքակրթության և իրականության մասին և ինձ թվում է, թե հիմա աշխարհի բոլոր ծառերը փոշոտ են:
Комментарии
Отправить комментарий