Գրպանի մեջ

Գրպանը շատ մեծ էր ու խորը, վերջանում էր սուր անկյունով, և անկյունի կարերի վրա զգալի ճնշում էր գոյացել՝ գրպանում կուտակված հսկայական մանրադրամի կույտի ծանրությունից: Երիտասարդը քայլում էր,գրպանի մեջ ամեն քայլափոխին, ամեն մի շարժումից, մանրադրամների դիրքերը փոխվում էին բոլոր հարթությունների ուղղությամբ: Իսկական մրցապայքար էր ընթանում մանրադրամների մեջ, յուրաքանչյուր մանրադրամ այդ մրցապայքարի ընթացքում ձգտում էր հայտնվել ամենավերևում, քանզի գտնվելով վերևում, ավելի մեծ է հավանականությունը տիրոջ ձեռքում հայտնվել և դուրս գալ ազատ շրջանառություն, երբ նա մանրադրամով վճարում կատարի: Եվ միայն մեկ ցենտ արժողությամբ մի մանրադրամ չէր մասնակցում այդ« ազատության» մրցապայքարին, ավելի խոշոր մետաղյա դրամները նրան տրորելով արդեն կիսով չափ խցկել էին գրպանի ծայրամասի կարերի արանքը: Իհարկե, ազատություն ձեռք բերելուց հետո նույնպես հարկավոր է բախտ ունենալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի համար է նա ծախսվելու: Եթե նրանց տերը սուպերմարկետում որևէ գնում կատարի, դա այնքան էլ հաճելի չէ,ուղղակի մանրադրամը գրպանից հայտնվում է մետաղյա արկղիկի մեջ: Շատ հետաքրքիր կլինի հայտնվել, ասենք, փողոցում ջութակ նվագող երաժիշտի ջութակի պատյանի մեջ, պատկերացնու՞մ եք ինչպիսի ուշադրության կարժանանա, իսկական աստղ կդառնա, ու եթե օրն էլ արևոտ լինի, պատկերացրեք, քսան ցենտանոց եվրոն ինչպես կպսպղա ասֆալտի վրա, ճի՛շտ գիշերային աստղի նման, որ կարծես երկնքից ընկավ ջութակի պատյանի մեջ: Կամ, եթե այդ մանրադրամը հայտնվի ջութակահարից քիչ այն կողմ կանգնած երգչի գլխարկի մեջ, ի՜նչ հմայիչ զնգոցով նա կգրավի իր տեղը գլխարկում կուտակված մանրադրամների մեջ՝ գրավելով երգչին շրջապատող բազմության ուշադրությունը: Այս առումով կարելի է ասել, որ մետաղադրամները ավելի հետաքրքիր կյանքով են ապրում, քան ամենախոշոր թղթադրամները, որ նախ շատ շուտ կեղտոտվում են, ծալվում են ըստ յուրաքանչյուրի քմահաճույքի ու սովորաբար նրանց պահում են իրար վրա շարած, անշարժ դիրքով և կամ ձեռքից ձեռք են փոխանցում, կամ փող հաշվող մեքենային են հանձնում, և այլն, ոչի՛նչ հետաքրքիր: Հանկարծ մանրադրամների տերը կանգ առավ, բոլորը սսկվեցին, լսվեց դռան բացվելու ձայն, պարզ էր, որ նրանք հյուր են եկել: Մանրադրամների մեջ անմիջապես տարածվեց այդ լուրը և նրանք սկսեցին ենթադրություններ անել, թե ու՞ր են եկել և հնարավո՞ր է, որ իրենցից մեկին տերը գրպանից հանի: Երբ մանրադրամները քննարկում էին ազատություն ձեռք բերելու հնարավորությունը, մի հիսուն ցենտանոց մանրադրամ, որ վաղուց այդ գրպանի մեջ էր ու ո՛չ մի կերպ չէր կարողացել դեռ դուրս պրծնել, որ ժամանակի ընթացքում տերը իրեն միայն աջ գրպանից հանել ու ձախ գրպանն էր դրել, քմծիծաղով ասեց. - Հա բա՛, նա էնպիսի տեղ է եկել, որ եթե ձեզ գրապանից հանի ու մեկին տա, էդ տվածը գլխին կտան ու դուրս կանեն: - Դու՞ որտեղից գիտես: Ասաց ավելի վեր տեղավորված մի եվրոյանոց մետաղյա դրամը: - Ես այստեղ արդեն մի անգամ եղել եմ, այստեղ մեր տերը անդրավարտիքը հագնելիս նստեց աթոռին ու ոտքերը այնքան վեր բարձրացրեց, որ ես հանգի՜ստ գլորվեցի գրպանից դուրս ու մի հսկարական շրջանակ գծելով ամբողջ սենյակով մեկ, հանդիսավոր կերպով պարկեցի հենց սենյակի կենտրոնում և բոլորը ինձ էին նայում: Բոլոր մանրադրամները նախանձով նայեցին հիսուն ցենտանոցին ու ամենքը իր հերթին հուսաց, որ հենց նույնը այսօր կպատահի իր հետ, նույնիսկ մի ցենտանոցը լուրջ հույսեր էր տածում: Ավաղ, չգիտես ինչու, մանրադրամների տերը անդրավարտիքը և՛ հանելիս, և՛ հագնելիս դա արեց շատ արագ, զգույշ և առանց աթոռին նստելու: Երկու եվրո արժողության մետաղյա դրամը, որ մեծ հույսեր էր փայփայում հայտնվել սենյակի հատակին ու ազատ գլորվել այնտեղ, քանզի նա ամենածանրն էր ու գտնվում էր գրպանի մանրադրամի կույտի ամենավերին մասում, անդրավարտիքը հագնվելուց հետո իր ամբողջ քաշով այնպես հենվեց իրենից ներքև գտնվողների վրա, որ հենց նրա տակ գտնվող հիսուն ցենտանոցին թվաց, թե ինքը զնդանի վրա է և մուրճով իջան իր գլխին: Հիսուն ցենտանուցը նկատելով երկու եվրոյանոցի դժգոհությունը, դիմեց նրան: 50 ցենտ - Շատ մի դարդոտվի, հիմա նա դուրս կգա փողոց ու մի համբուրգեր կգնի կամ մի շիշ ջուր կվերցնի ու առաջինը քեզ է դուրս հանելու: - ճիշտ է: ձայն տվեց քսան ցենտանոցը. 20 ցենտ - Համբուրգերը 2.30 է, նա կհանի երկու եվրոին, քսան ցենտանոցին ու տաս ցենտանոցին: 5 ցենտ - Էդ երազ ե՞ս տեսել. ձայն տվեց մի հինգ ցենտանոց, մի քանի հինգ ցենտանոցների հարևանությամբ բավականին խորը տեղավորված գրպանի մեջ: 5 ցենտ - Դու չգիտե՞ս, որ մարդիկ սովորաբար աշխատում են ազատվել ավելի մանր դրամներից, այնպես որ, նա կհանի երկու եվրո ու վեց հատ հինգ ցենտանոց, մենք էլ ուղիղ վեց հատ ենք, հետևաբար, առաջինը մենք կմտնենք շրջանառության մեջ: Երկու ցենտանոցը, որ մենակ էր, մի հայացք նետեց կարերի արանքը խրված մի ցենտանոցի վրա ու որոշեց չխոսել, թեկուզև հինգ ցենտանոցի ասածը առաջին հերթին իրեն էր վերաբերվում, անհարմար զգաց իր մանրությունից, ամաչեց, քանզի այնքան մանր է, որ իրեն գոյությունը հաճախ նույնիսկ հաշվի չեն առնում, կամ թողնում են վաճառողին կամ, եթե չի հերիքում երկու կամ մի ցենտ, հաշվի չեն առնում... .Ծա՜նր սկսեց խոսել մի եվրոանոցը: 1 եվրո - Գիտե՞ք ինչ, պարոն մանրադրամներ: Ում, երբ, ինչի համար ծախսել՝ որոշում է մեր տերը, մենք հենց դրա համար ենք այս գրպանի մեջ, հենց դա է մեր գոյության իմաստը, որ մեր տերը որոշի ում և երբ ծախսել, այլապես մենք ընդհանրապես գոյություն չէինք ունենա: Ինչ մնում է ազատություն ձեռք բերելուն ու շրջանառության մեջ մտնելուն, մենք միշտ էլ շրջանառության մեջ ենք, այն օրվանից, երբ մեզանից պղնձե խողովակներ պարտաստելու փոխարեն մետաղադրամներ հատեցին, մենք շրջանառության մեջ ենք: Այլ խնդիր է, թե որտեղ ենք գտնվում, որևէ մեկի գրպանու՛մ, թե՛ բանկում, կարծում եմ մեծ տարբերություն չկա: 10 ցենտ - ինչպես թե չկա՛, քեզ համար նու՞յնն է, երբ դու բանկի գանձարան կոչված զնդանում ես, թէ՞ մեկի գրպանում կամ մի գեղեցկուհու դրամապանակի մեջ, որ տեղադրել է իր պայուսակի մեջ ու կախել ուսից, հը՞, տարբերություն չկա՞: 1 եվրո - Բացարձակ տասը ցենտանոց մտածելակե՛րպ: Լսի՛ր, ի՛նչ է, դու կարծում ես, եթե դու օրիորդի դրամապանակի մեջ ես, ուրեմն դադարել ես լինել բանկի սեփականությունը՞: Սովորաբար դու բանկում գտնվող փողերի տոկոսն ես քո ծնված օրից, նույնիսկ քեզ արտադրելու համար, բանկից տոկոսով փող են վերցրել, որ քեզ արտադրեն ու դնեն շրջանառության մեջ: Մենք բոլորս իրականում տոկոսադրամներ ենք և ո՛չ թե արժեդրամներ, հասկանու՞մ ես տարբերությունը: Կարերի արանքից մեկ ցենտանոցը ձայն տվեց: 1 ցենտ - Ի՛նչ խելացի ես, ախր չե՞ս հասկանում, որ ում գրպանում որ հայտնվում ես, դու դառնում ես նրա սեփականությունը: 2 Եվրո - Լսիր 1 ցենտ, էս աշխարքում մի սեփականատեր կա, ում պատկանում է փողը, դա բանկն է, ամեն վայրկյան նա է որոշում քո արժեքը, հենց հիմա դու մի ցենտից կարող ես վերածվել 0001 ցենտի, եթե բանկիրը կամենա, հասկացա՞ր: 1 ցենտ - չէ՛: 2 եվրո - Մի անգամ էլ եմ բացատրում՝ հատուկ մեկ ցենտանոցների համար: Յուրաքանչյուր արժեդրամ տվյալ երկրի գոյության հիմքն է, և գտնվում է շրջանառության մեջ ըստ այդ երկրի օրենքների, այդպես ասում են, բայց իրականում դու շրջանառության մեջ էս գտնվում ըստ բանկիրների սահմանած պայմանների, այսինքն, երբ, ինչպես, որքան, որտեղ և բազմաթիվ և տարբեր մանր մունր բանկային պայմանիկներ, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր անհատ ու ավելի է կարևորում բանկիրի կողմից սահմանած բանկի պայմանները քան տվյալ երկրի ցանկացած օրենքը, որովհետև բանկի պայմանը կապված է իր հարստության ու գոյության հետ անմիջականորեն: Այսպիսով, երկիրը կառավարում են բանկիրները, որովհետև բանկը իրենց սեփականությունն է: Այնպես որ, ում գրպանում կամ դրամապանակում ուզում ես հայտնվիր, քո արժեքը որոշելու է բանկիրը, և քո ազատությունը կախված է նրա մշակած արժեքային համակարգից, պլաններից ու քմահաճույքից: Երկու եվրոանոցի արտահայտած վերջին միտքը շատերի դուրը չեկավ, հատկապես ամենամանր մետաղադրամների, որ առանց այն էլ չնչին արժեք ունեն, ի՞նչ կկատարվի իրենց հետ, եթե փողը արժեզրկվի կամ ճգնաժամ սկսվի: Ու բոլոր մանր դրամիկները միաբերան սկսեցին զնգզնզալ: Երիտասարդը ուրախ տրամադրությամբ, ասես ցատկոտելով, զնգզնգազցնելով գրպանում կուտակված մանրադրամը, աստիճաններով իջնում էր ներքև: Պատկերացնու՞մ եք ի՛նչ էր կատարվում գրպանում, ի՛նչ քաոս էր տիրոււմ, ի՛նչ խառնաշփոթ, նման ցնցումների ժամանակ նույնիսկ երկու եվրոյանոց մետաղյա դրամը կարող է հայտնվել կարերի արանքը խրված մի ցենտանոցի կողքին: Բայց ո՛չ, արդպիսի ցնցումների ժամանակ գործում է ֆիզիկայի ճիշտ այն օրենքը, որի համաձայն երբ մի բան եք մաղում, ամենախոշորները միշտ հայտնվում են ամենավերևում: Այնպես որ, չնայած քաոսին ու իրարանցումներին, ամենամեծ մանրադրամները նորից զբաղեցրին իրենց բարձր պաշ. չէ՛, իրենց բարձր դիրքերը: Երիտասարդը դուրս գալով փողոց, մոտեցավ ծխախոտ վաճառող կրպակին ու ձեռքը տարավ գրպանը: Լարված, սպասողական վիճակ էր գրպանում, ո՛վ է դուրս պրծնելու, ու՞մ բախտ կվիճակվի դուրս գալ ազատություն: Երիտասարդի ձեռքը սահեց մինչև գրպանի ծայրամասը, բռի մեջ առավ բոլոր մետաղադրամները, բացի մի ցենտանոցից, որ խրվել էր կարերի արանքը, որի վրայից մատը սահեց, ու հարկ չհամարեց այնտեղից նրան քչփորել ու հանել, իսկ մեկ ցենտանոցը հենց այդ պահից սկսած որոշեց ճղել կարը մինչև վերջ ու դուրս գալ ազատություն՝ առանց այդ անտարբեր ձեռքի օգնության: Երիտասարդը գրպանից հանելով մի բուռ մետաղադրամ լցրեց ծխախոտ վաճառողի սեղանին, որ նա ըստ իր հայեցողության մետաղադրամներից հաշվի ու վերցնի համապատասխան գումարը և ասեց: Երիտասարդ - Մի տուփ Մալբորո՛:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ուռած տերտերը

Յափնջի

Փոշոտ ծառերը

Պեպսի-կոլայի գենը

Ձի- ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում»

Սպիտակ Գիրքը

Կատվին Կարսեր

Տխուր Կատակ

Երկնային բեմադրություն

Վարպետ Իվանի Պատմությունը